Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Հայաստանն այլընտրանք չուներ, քան ԵԱՏՄ-ն. եթե լիներ այլ տեղում, կունենար ավելի լուրջ խնդիրներ. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանը չուներ այլընտրանք Եվրասիական տնտեսական միությանը:Մեր հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ հնչեցված առաջարկի մասին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը մեր հետ զրույցում ասել էր, որ իշխանությունները հասկանում են, բայց վախենում են դուրս գալ այդ համակարգից, «նրանց միջի բավական խելոք մարդիկ հասկանում են, որ այսպես շարունակել չի լինի, որ դրա փլուզումից հետո նզովք է լինելու, բայց փոփոխությունից վախենում են, որովհետև հանրային ընկալման մեջ տեսակետ է ձևավորվել, որ մեղավորը նաև իրենք են, այդ ՀՀԿ-ականներն են, որովհետև գովաբանել են ԵԱՏՄ-ն, վախենում են, որ Լինչի դատաստանի, անեծքների, սպանության կոչերի վերածվի: Շատ բնական է, որ վախենում են»:

Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման եզրահանգումները համարում է անհիմն: «Դրանք մտացածին ենթադրություններ են»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունների որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, շատ ճիշտ է եղել: «Մեր գործընկերությունը ԵԱՏՄ հետ շարունակական է, միաժամանակ շարունակվելու է նաև մեր համագործակցությունը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ: Մեր վարած քաղաքականությունը բավական տրամաբանական է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ ձախողում չի կարող լինել, նման խնդիր չկա: «Կան սահմանված տնտեսական սանկցիաներ, որոնք վնաս են բերում ՌԴ-ին, բայց ավելի շատ վնասում են ԵՄ-ին, ԱՄՆ-ին: Դրանք ժամանակի ընթացքում կարգավորվող խնդիրներ են: ԵԱՏՄ անդամակցության ընթացքում նայեք մեր արտահանման տեմպերը, որոնք ավելացել են, կտեսնեք, որ մեր տնտեսության մեջ բավական մեծ դինամիկա կա միության հետ համագործակցության ժամանակաշրջանում»,- ընդգծեց իշխող մեծամասնության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանն այլընտրանք չուներ, քան ԵԱՏՄ-ն և եթե լիներ «այլ տեղում, ապա կունենար ավելի լուրջ խնդիրներ», ուստի, նրա համոզմամբ, «մենք ճիշտ տեղում ենք, ճիշտ ժամանակին»:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts