«Մենակ ապրելու գաղափարը որոշ չափով վախեցնում է ինձ». Լիդուշիկը` 18–ամյակի և ուսումն արտերկրում շարունակելու ցանկության մասին

Երգչուհի Լիդուշիկը վերջերս բոլորեց 18 տարին։ «Փոքրիկ երգչուհին» արդեն չափահաս աղջիկ է, որն այժմ կառուցում է ապագայի ծրագրերը։ Զրույցում Լիդուշիկը խոսել է առաջիկա ծրագրերի, արտերկրում ուսում ստանալու մտադրության և ոչ միայն այդ ամենի մասին։

 

–Լիդուշիկ, հիմա սովորում ես Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական  քոլեջում՝ Վոկալ բաժնի վերջին կուրսում։ Ի՞նչ նպատակներ ունես ուսմանդ հետ կապված։

 

–Դեռևս վերջնական չեմ կողմնորոշվել, թե որտեղ կշարունակեմ ուսումս, որովհետև ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, շրջագայություններին, համերգներին ավելի շատ խանգարելու է։ Երևի թե, միայն Կոնսերվատորիան է, որ ավելի շատ կօգնի, քան կխանգարի։ Մտածում եմ նաև ռեժիսորական կրթություն ստանալու մասին։ Ինչ էլ ընտրեմ, մեր ասպարեզից հեռու չեմ գնա։

 

–Շատերը քո տարիքում մտածում են արտերկրում ուսում ստանալու, ապագան այնտեղ կառուցելու մասին, հատկապես, եթե ունեն այդ հնարավորությունը։ Գիտեմ, որ դու ունես դրա հնարավորությունը։

 

–Ես այդ մասին էլ եմ մտածում։ Ուսման հարցն ինձ համար բարդ է։ Ցանկություն ունեմ արտերկրի երաժշտական հաստատություններից մեկում զարգացնել մասնագիտական հմտություններս։ Եվրոպայում էլ, ԱՄՆ–ում էլ, Ռուսաստանում էլ երաժշտական կրթություն ստացող  ընկերներ ունեմ, որոնք կանչում են ինձ, սակայն դեռ խուսափում եմ որոշում կայացնել։ Կարծում եմ, եթե անգամ ուսումս շարունակեմ արտերկրում, կվերադառնամ Հայաստան։ Իմ տունն այստեղ է։

–Լիդուշիկ, ընտանիքիդ անդամներից որևէ մեկը, հիմնականում` տատիկդ, մշտապես ուղեկցում է  քեզ։ Վերջերս ոլորեցիր 18 տարիդ։ Հիմա պատրա՞ստ ես մեկնել արտերկիր սովորելու և միայնակ ապրել, թե այդ միտքը վախեցնում է քեզ։ Նման որոշում կայացնելու դեպքում որևէ մեկը պիտի ուղեկցի քեզ։

 

–Ես, իսկապես, սովոր եմ, որ ընտանիքիս անդամներից մեկը միշտ կողքիս լինի։ Նույնիսկ, եթե միտք է գալիս, որ կուզեի մենակ ապրել, հենց պատկերացնում եմ այդ պահը, սկսում եմ մտածել` բա հետո ի՞նչ եմ անելու։) Եթե դրսում էլ սովորեմ, կուզեմ ընտանիքս կողքիս լինի։ Մենակ ապրելու գաղափարը որոշ չափով վախեցնում է ինձ։ Ես իմ ընտանիքից հեռու չեմ գնա։

 

–Պատանեկության շրջանում հաճախ մեծանալու ձգտում ես ունենում։ Ի՞նչ փոխվեց 18 տարեկանում, որը խորհրդանշական տարիք է և ազդարարում  է, որ չափահաս մարդ ես։

 

–18 տարիս լրանալուց հետո շատերն են հարցնում այդ մասին։) Ճիշտն ասած, ոչինչ չի փոխվել, բացի թվից։ Երբեմն, ուղղակի մտքովդ անցնում է, որ արդեն 18 տարեկան ես, կարող ես սա անել, նա անել, բայց հենց գալիս է պահը, որ պետք է քո խոսքն ասես, վերանում է 18 տարեկան լինելու զգացողությունը։

 

Ես չեմ շտապում մեծանալ։ Փորձում եմ ապրել տարիքիս համապատասխան։

–Առօրյայում ժամանցի կազմակերպման տարբերակներդ է՞լ չեն փոխվել։

 

–Հաճախ, իմ տարիքակիցները սիրում են գնալ քլաբներ։ Ես երբեք չեմ ունեցել նման ցանկություն։ Ես սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս կամ ավելի հանգիստ միջավայրում։ Ես այդպես ապրելու ցանկություն դեռևս չունեմ, գուցե, հետագայում ունենամ։

 

–Դու այնպիսի ասպարեզում ես, որտեղ անընդհատ երեկույթներ են լինում, բայց քեզ չենք տեսնում նման միջոցառումներին։ Փոքրուց այդ ամեն մեջ լինելու արդյունքում նման միջոցառումները քեզ հետաքրքիր չեն, թե՞ տեսակի խնդիր է։

 

– Ես այնքան շատ եմ ապրել այդ ամենի մեջ, որ հետաքրքրություն չունեմ դրա հանդեպ։ Հիմա, երբ իմ կուրսեցիների ծնունդներին հրավիրում են, փորձում եմ գոնե ներկա լինել, բայց ինքս չեմ էլ կազմակերպում մեծ ծնունդներ, որովհետև շրջապատս շատ մեծ է` տարբեր բնագավառներից շատ ընկերներ ունեմ։ Չեմ կարող մեկին հրավիրել, մյուսին` ոչ։

 

Հայտնի լինելը նաև սահմանափակումներ է ենթադրում, որովհետև անընդհատ մարդկանց ուշադրության կենտրոնում ես։ Մինչ օրս քեզ հաջողվել է զերծ մնալ բամբասանքներից։ Սահմանափակված կյանքը քեզ չի՞ խանգարում։

 

– Առօրյայում փորձում եմ չառանձնանալ, կուրսեցիներիս հետ գնալ ինչ–որ տեղեր, բայց հանրային դեմք լինելն այդքան էլ  հեշտ բան չէ։ Ամեն ինչ պետք է ճիշտ անես։ Ես փորձում եմ այնպես ապրել, որ բամբասանքներից զերծ մնամ։ Իմ կյանքը մանկուց այդպես է դասավորվել, ես արդեն սովոր եմ։ Երբ գնացի քոլեջ, ինձ համար ուրիշ աշխարհ էր. երեխաները շատ ազատ էին։ Գալիս էի տուն, մամայիս ասում` գիտես իրենք այս են անում, այն են անում։ Այն, ինչ բոլորի համար սովորական էր, ինձ համար անսովոր էր։ Նույնիսկ այն, որ կարող էին հավաքվել, բոլորով ժամանցի կենտրոն գնալ, ինձ համար անսովոր էր։ Հիմա փորձում եմ հետ չմնալ իրենցից։ Առաջ լինում էին դեպքեր, երբ մտածում էի` ինչու ես պետք է սահմանափակված լինեմ, ես էլ եմ ուզում իրենց պես ապրել, հետո հասկացա, որ սա իմ կյանքն է։

 

–Թեև քո մասին խոսակցությունների բացասական ալիք չի եղել, փոքր ու մեծ բամբասանքներից, աստղային հիվանդությամբ տառապելու մեղադրանքներից դեռ ոչ ոք չի խուսափել։ Եղե՞լ են խոսակցություններ, որոնցից սրտնեղել ես։

 

–Չեն եղել այնպիսի խոսակցություններ, որոնցից շատ կնեղվեմ։ Ընտանիքս էլ փորձել է ինձ հեռու պահել նման խոսակցություններից։

 

Ինձ երբեք չեն ասել աստղայինը տարել է։ Ես այդպիսին չեմ և թույլ չեմ տվել, որ իմ մասին այդպես խոսեն։ Եթե աստղայինս տարած լիներ, շատ հարցերում այլ կերպ կվարվեի։ Ինձ հաճախ խանգարում է իմ անկեղծությունն ու մաքրությունը։ Եթե ինչ–որ բան է լինում, հիմնականում, իմ անկեղծության ու մաքրության պատճառով է լինում։

–Աստղային հիվանդությունը չի շրջանցում նույնիսկ մեծ մարդկանց, որոնք արդեն կայացած են։ Պատանիներն այս առումով ավելի խոցելի են։ Ինչպե՞ս է քեզ հաջողվել խուսափել դրանից։

 

–Երևի, որովհետև ես միանգամից այդ կյանքն եմ ապրել, և դա ինձ համար սովորական է։

–Աստղային հիվանդությունը չի շրջանցում նույնիսկ մեծ մարդկանց, որոնք արդեն կայացած են։ Պատանիներն այս առումով ավելի խոցելի են։ Ինչպե՞ս է քեզ հաջողվել խուսափել դրանից։

 

–Երևի, որովհետև ես միանգամից այդ կյանքն եմ ապրել, և դա ինձ համար սովորական է։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts