Ինչո՞ւ են մարաթոնյան վազքի ժամանակ վազում 42 կմ 195 մետր

 Ք.ա 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։ Ֆեյդիպես անունով մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։ Դժբախտաբար, «մարաթոնը» ուժասպառ արեց նրան, և խեխճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետին տապալվեց ու մեռավ։

Անտիկ խաղերում մարաթոն չկար, բայց այսօր կա։ Այդ վազքուղին ուղիղ 42 կմ 195 մետր է, ճիշտ այն տարածությունը, որ խեղճ Ֆեյդիպիդեսը վազել էր 2500 տարի առաջ։Ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ֆրանսիացի լեզվաբան Միշել Բրեալը առաջարկել է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ներառել նաև մրցումային վազքը՝ Ֆիդիպիդ զինվորի անցած ճանապարհով։ Այդ մտահղացումը աջակցություն է գտել ժամանակակից օլիմպիական խաղերի կազմակերպիչ բարոն Պիեր Դե Կուբերթենի կողմից։ 1896 թվականի ապրիլի 10-ին Աթենքի խաղերի ժամանակ մարզիկները վազել են առաջին մարաթոնը։ Հուրախություն հույն երկրպագուների՝ հաղթող է դարձել իրենց հայրենակից Սպիրիդոն Լուիսն, ով մրցուղին վազել է 2 ժամ 58 րոպե 50 վայրկյանում։ Այդ ժամանակվանից մարաթոնը տեղ է գտնում օլիմպիական խաղերի ծրագրում։
Հետաքրքրական է նաև, որ առաջին մրցաշարերում մրցուղու երկարությունը հստակ սահմանափակումներ չուներ։ Այն տարիներին հաշվել էին, որ Մարաթոնից Աթենք մոտավոր տարածությունը կազմում է 40 կմ։ 1896 թվականին վազել են ուղիղ 40 կմ, սակայն 1900 թվականին՝ 40 կմ և 260 մ։ 1904 թվականին Սենթ Լուիսում մարաթոնի վազքուղին կրկին 40 կմ էր։ 
1908 թվականի օլիմպիական խաղերը կայացել են Լոնդոնում։ Մարաթոնի վազորդները մեկնարկել են Վինդզորի դղյակի մոտ, որտեղից նրանց հետևում էր նաև թագավորական ընտանիքի մի մասը։ Մարաթոնի եզրագիծը «Ուայթ Սիթի» մարզադաշտում էր, որտեղ մարաթոնի ավարտին սպասում էր թագավորական ընտանիքի մյուս մասը։ Պարզվել էր, որ մարզիկները վազել են 26 մղոն և 385 յարդ կամ 42 կմ և 195 մ։ Այդ մարաթոնի հաղթող էր դարձել ամերիկացի վազորդ Դ․ Հեյեսը՝ 2 ժամ 55 րոպե 18 վայրկյան արդյունքով։ 
Սակայն այս սահմանումը դեռ ընդունված չէր։ Հաջորդ երկու օլիմպիական խաղերում այն կրկին տատանվում էր։ 1912 թվականին Ստոկհոլմում կայացած օլիմպիական խաղերին մարզիկները վազել են 40 կմ 200 մ, իսկ 1920 թվականին՝ Անթվերպենում, 42 կմ 750 մ։ 
Մրցուղու երկարության նման տարբերությունը դուր չէր գալիս ՄՕԿ-ին և Աթլետիկայի միջազգային ֆեդերացիային։ Որոշվել էր հստակ սահմանել մարաթոնի վազքուղու երկարությունը։ Դժվար է ասել, թե ինչու հենց Լոնդոնի մարաթոնի վազքուղու երկարությունն է ընդունվել որպես չափանիշ, բայց մարաթոնցիները մինչ օրս վազում են 42 կմ 195 մ։ 
Այս պահին մարաթոնյան վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է քենիացի Դենիս Քիմեթոյին։ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին նա Բեռլինի մարաթոնը վազել է 2 ժամ 2 րոպե 57 վայրկյանում։ Ինչպես երևում է, ուժեղագույն մարաթոնցիները վազում են 20 կմ/ժ արագությամբ։
Նշենք, որ ամեն տարի աշխարհի շատ երկրներում անց է կացվում մոտ 800 մարաթոն։ Վազքի սիրահարների համար պատվաբեր է մասնակցել նման հեղինակավոր իրադարձությանը՝ աշխարհի առաջատար աթլետների հետ միասին։ Սակայն, որոշ հեղինակավոր մարաթոնների կազմակերպիչները մասնակցել ցանկացողների միջև վիճակախաղ են անցկացնում (Նյու Յորքի և Բեռլինի մարաթոններ) կամ մասնակիցների համար մտցնում են որոկավորման չափանիշներ։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts