ՄԱԿ-ում միջազգային համայնքին կոչ են անում եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունները ցեղասպանություն ճանաչել

ՄԱԿ-ում միջազգային համայնքին կոչ են անում եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունենրը ցեղասպանություն ճանաչել ու անել ամեն ինչ, որպեսզի այդ գործը հասնի Միջազգային քրեական դատարան կամ տրիբունալ, որը կարող է հատուկ այդ դեպքի համար ստեղծվել։ Նման կոչով են հանդես եկել Սիրիայում իրադարձությունների հետաքննման հարցերով հանձնաժողովի անդամները, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Այս կոչը հնչել է օգոստոսի 3-ին, «սինջարյան կոտորած» կոչվող իրադարձություններից ուղիղ երեք տարի հետո։ 2014-ի օգոստոսի 3-ին ԻՊ-ի զինյալները գրավել են Իրաքյան Քուրդիստանի Սինջար քաղաքը։ Հետագա մի քանի օրերին ահաբեկիչները մահապատժի են ենթարկել հարյուրավոր եզդի տղամարդկանց ու գերեվարել հազարավոր կանանց ու երեխաների։ Նրանցից շատերին Սիրիա են տարել։ Կանանց ու աղջիկներին վաճառել են կամ օգտագործել որպես սեքս ստրկուհիներ։ Տղաներին զինյալները գաղափարական «մշակման» են ենթարկել, վարժեցրել ու ստիպել մարտնչել իրենց կողմից։

Հանձնաժողովի անդամները հիշեցնում են, որ ԻՊ-ն առայսօր շարունակում է հետապնդել եզդիներին։ Հազարավոր տղաներ ու տղամարդիկ անհետ կորած են համարվում։ Առնվազն 3 հազար կին ու աղջիկ է ամեն օր ենթարկվում բռնաբարությունների ու ծեծերի։

Հանձնաժողովի անդամները նաեւ ԻՊ-ի դեմ մարտնչող բոլոր կողմերին կոչ են անում դիտարկել ռազմական գործողությունների ընթացքում եզդիներին փրկելու ու ազատելու ծրագրերը։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts