Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

«Գրին քարտի» անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա. Թրամփը հայտարարել է նոր ծրագրի մասին

Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը.

«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց», -հայտնում է կայքը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.

«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,- հայտարարել է Թրամփը:

Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունք է շնորհվում.

«Սակայն, յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ»:

Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները:

Կայքի փոխանցմամբ՝ օրենքի մյուս համահեղինակ սենատոր Դեյվիդ Փերդյուն ընդգծել է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք ստացող ներգաղթյալների կեսից ավելին ներգաղթելուց անմիջապես հետո սկսում է ԱՄՆ-ից ստանալ անապահովների համար նախատեսված նպաստ: Փոխարենը՝ նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին.

«Մենք փոխառում ենք Կանադայի և Ավստրալիայի փորձը, որն իրականում ավելի խելամիտ է և օգնում ներգաղթյալների շնորհիվ զարգացնել տնտեսությունը»:

«Նշենք, որ Կանադան և Ավստրալիան մշտական բնակության և աշխատանքի իրավունք են շնորհում մրցակցային կարգով: Մասնավորապես, հաշվի է առնվում անգլերենի, իսկ Կանադայի դեպքում նաև ֆրանսերենի իմացության աստիճանը, տարիքը՝ առավելություն ունեն 18-ից՝ 45 տարեկանները, կրթությունը և մասնագիտական հմտությունները: Օրինակ, Ավստրալիայում մշակված է մասնագիտությունների ցուցակ, որոնց տիրապետողներն առավելություն են ստանում երկիր ներգաղթելու համար: Առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվում են բժշկությունն ու ինժեներական գիտելիքները»,- հայտնում է կայքը՝ մեջբերելով սենատոր Փերդյուի խոսքերը, որ փոփոխության արդյունքում կշահեն կրթված և հմուտ մարդիկ, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ տեղափոխվել, քանի որ նրանց այլևս անհրաժեշտ չի լինելու մրցակցել կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող տասնյակ այլ թեկնածուների հետ.

«Մեր նպատակն է ընդունել մեզ մոտ շնորհալի մարդկանց, ովքեր այստեղ են ժամանում օրինական աշխատելու և իրենց կյանքի որակը բարձրացնելու նպատակով, իսկ մեր ներկա համակարգը նրանց դա գրեթե թույլ չի տալիս իրականացնել»:

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts