Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Շամիրամ գյուղում սպանվածները 100 հազար դոլար են պարտք եղել սպանողին. ուշագրավ մանրամասներ

«Շամիրամ համայնքում բոլորն էլ ասում են, որ պատճառը գումարն է եղել: 100 հազար դոլարի կռիվ է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եզդիների համայնքի ներկայացուցիչ Ազիզ Թամոյանը, ում ազգականներից երկուսը նույնպես երեկ վիրավորվել էին Շամիրամ համայնքում հնչած կրակոցներից:

Թամոյանն այսօր այցելել է Շամիրամ համայնք, որտեղ այսօր էլ խիստ հսկողություն է սահմանվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:

Թամոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը գնացել և խոսել է իր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի ընթացք չտան կատարվածին և թողնեն, որ իրավապահները բացահայտեն կատարվածը:

«Գնացի, սաղի հետ խոսեցի, որպեսզի նորից չկրկնվի եղածը: Վենդետա չիրականացվի: Մարդ են, պահի տակ կարող են նույն սխալ քայլը կրկնել, չկարողանան իրենց զսպել»,- ասաց Թամոյանը՝ հավելելով. «Ինձ պատմեցին, որ գումարի հարց է եղել, էդ Թելմանը ժամանակին 100 հազար դոլար է տվել իր բարեկամին, նա էլ չի կարողացել վերադարձնել: Բայց ասել է՝ կտամ: Նա էլ չի սպասել և գնացել կրակել է: Իրար բարեկամ են, աղջիկ են տվել, աղջիկ են ուզել իրարից, այլ բարեկամական կապերով են կապված: Ստացվում է, որ իր բարեկամներին է սպանել»,- ասաց Թամոյանը:

Նշենք, որ սպանվածներից Զորո և Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաև Աղասի Քալոյանը, ովքեր էլ Թելման Քալաշյանի բարեկամներն են եղել և պարտք են եղել վերջինիս:

Ազիզ Թամոյանը մեզ տեղեկացրեց, որ Թելման Քալաշյանի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալված են, քանի որ օգնել են Թելմանին փախչել:

Քննչական կոմիտեից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություն չունեն և կտեղեկացնեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Նա Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից է՝ Թելման Քալաշյան:

Կրակոցի պահին օգտագործվել է «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացան:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts