Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

ՆԱՏՕ-ն հասավ Հայաստան

Վրաստանում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ Noble Partner 2017 զորավարժությունները: Մասնակցելու են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Սլովենիան, Ուկրաինան, Վրաստանը: Զորավարժություններում ներգրավված են լինելու այս երկրների զինված ուժերի 2800 ներկայացուցիչներ:

Վրացական կողմը հայտարարել է, որ Noble Partner-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հայկական կողմից առայժմ պաշտոնական հաղորդագրություն այս կապակցությամբ չի եղել: Նշենք, որ Ադրբեջանը մերժել է մասնակցության հրավերը:

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով, մեծացնելով նաեւ ռազմական բաղադրիչը: Վրաստանում արդեն ստեղծվել է ուսումնական կենտրոն, լայն աջակցություն է ցուցաբերվում այդ երկրի զինված ուժերին՝ վերազինման ու արդիականացման ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում լրացուցիչ հնարավորություն է Հայաստանի անվտանգության խնդիրների համար: Հայաստանի դեպքը եզակի է այն առումով, որ անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Սա մի կողմից տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման, մյուս կողմից դիմակայությունը մեղմելու հնարավորություն է, ինչը գնահատվում է հյուսիս-ատլանտյան բլոկում:Մյուս կողմից, այն խնդիրները եւ նպատակները, որոնք կան հյուսիս-ատլանտյան բլոկի օրակարգում, անիրագործելի կամ դժվար իրագործելի են առանց հայկական կողմի մասնակցության: Վրաստանը միայնակ ի զորու չէ կատարել այդ դերը:

Ըստ էության, հայկական զինված ուժերը կատարում են առավել լայն գործառույթ՝ պահպանելով ոչ միայն հայկական, այլեւ քաղաքակրթական սահմանները, ճեղքելով տարածաշրջանի ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս քվոն երկու տասնամյակ առաջ եւ պահելով այդ իրավիճակը:

Դա գնալով ավելի է բարդանում, քանի որ Հայաստանն ի զորու չէ միայնակ պահել այդ դիրքը: Այդ առումով, հաշվի առնելով ընդհանուր «բնական շահերի» բավական լայն սպեկտրը, ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում ամրացնում է Հայաստանի զինուժի թիկունքը:

Հայաստանում ավելի ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի սպառնալիքը զսպում է Արեւմուտքը եւ մասնավորապես ՆԱՏՕ-ն, եւ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի ագրեսիան հնարավոր է միայն Ռուսաստանի օգնությամբ: Դրա թե պատմական նախադեպը կա, թե նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության օրինակը, երբ ակնհայտ է, որ առանց ռուսական «երաշխիքների»՝ Ադրբեջանը չէր գնա իրավիճակի լարման:

Ռուսաստանի համար, եթե հավատանք ռուս փորձագետներին, ավելի ու ավելի է բարդանում Ադրբեջանին զսպելը: Այդ առումով եւս, Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը կարող է նպաստել կայունությանը եւ օգնել Ռուսաստանին «մնալ» կամ «հեռանալ» արժանապատիվ, քանի դեռ նրան չի հեռացրել թուրք-ադրբեջանական տանդեմը: Իսկ դա անխուսափելի իրողություն է, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների պայմանագրային ու պատմա-քաղաքական պարտավորությունների ողջ համալիրը:

Բացի այդ, ի դեմս ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման խնդրի՝ Հայաստանը լրացուցիչ փաստարկներ կարող է ստանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ընդհուպ անդամակցության հեռանկարը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts