Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Նորագավիթում 7-ամյա երեխան կրկնակի վրաերթի է ենթարկվել. մեղավորներից մեկը Կարամելի Հարութի վարորդի որդին է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է շատ ցավալի մի դեպքի՝ 7-ամյա տղայի կրկնակի վրաերթի գործի դատական քննությունը:

Վրաերթը կրկնակի է, իսկ ամբաստանյալի աթոռին մեկ մարդ է՝ 44  համարի երթուղային տաքսու վարորդ Արման Բադալյանը, ում խափանման միջոցը կալանավորումն է:

Մեղադրական եզրակացության այն հատվածում, որը մեջբերված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում, կրկնակի վրաերթի մասին խոսք չկա:

Ըստ այդ ձևակերպման՝ «2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 12-ն անց  10-ի սահմաններում Արման Բադալյանն իրեն ամրակցված «Գազելով», մոտ 10-12 ուղևորներով երթևեկել է Արշակունյաց պողոտայի կողմից Նորագավիթ 1-ին փողոցով դեպի Արտաշատի խճուղու ուղղությամբ, աջ մայթեզրից մոտ 1,5 մետր հեռավորությամբ, շուրջ 30 կմ/ժ արագությամբ: Չհասած Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկին՝ Բադալյանը նկատել է հանդիպակաց ուղեմասի մայթի տարածքում կանգնած կնոջ ու երեխաների, որից հետո միկրոավտոբուսի արագությունն իջեցրել է մինչև 10 կմ/ժ և շարունակել է երթևեկությունը նույն ուղղությամբ, որի ընթացքում տեսել է մայթի տարածքից դեպի երթևեկելի մասի ուղղությամբ ուղիղ անկյան տակ, արագ վազքով շարժվող երեխային: Այդ ընթացքում Բադալյանը խախտել է ՃԵԿ 67 կետի պահանջները՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն՝ ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել միկրոավտոբուսի ընթացքը, որի արդյունքում վրաերթի ու վրաանցման է ենթարկել մանկահասակ Վլադիմիր Մ.-ին՝ անզգուշությամբ պատճառելով մահ, որից հետո թողել է պատահարի վայրն ու հեռացել է»:

Այս ձևակերպումից հասկացվում է, որ երեխան ուղղակիորեն վրաերթի է ենթարկվել միկրոավտոբուսի վարորդ Արման Բադալյանի կողմից:

Սակայն դեպքի իրական նկարագիրը այլ է, և մանկանը մահ պատճառելու դեպքով նման խառնաշփոթություն կարծես թե պիտի չլիներ…

Իրականում 7-ամյա երեխան իր քրոջ ձեռքից բռնած, այլ երեխաների հետ կանգնած է եղել հիշյալ վայրում՝ հենց մայթեզրին: Երեխան պոկվել է քրոջ ձեռքից ու վազքով փորձել է հատել փողոցը: Եվ նա սկզբում վրաերթի է ենթարկվել դեպի Երևան ուղեմասով ընթացող մուգ գույնի «Ֆոլքսվագեն»-ի կողմից: Մեքենան, որ ընթանում էր մոտ 50 կմ/ժ արագությամբ, երեխային հարվածել է առջևի կենտրոնական մասով: Հարվածից երեխայի մարմինը շպրտվել է «Ֆոլքսվագենի» շարժիչի ծածկոցին, այնտեղ առաջացրել է բնորոշ վնասվածք, ապա երեխան առաջ է շպրտվել ու՝ կողք: «Գազելի» ուղևորները տեսել են այս վրաերթը, միկրոավտոբուսն ընթանում էր հանդիպակաց ուղեմասով՝ 10 կմ/ժ արագությամբ: Երեխայի՝ վրաերթի ենթարկվելն ու առաջ, ապա կողք շպրտվելը միգուցե տեսել է նաև Գազելի վարորդը, ով, ըստ ուղևորների ցուցմունքի, հնարավոր է նաև, որ փորձել է դեպի աջ մանևր կատարել: Բայց օդ շպրտված երեխան ընկել է ճանապարհի այն հատվածին, որտեղով անցել է Գազելի հետևի ձախ անվադողը: Այդ անվադողով երեխան մահացու վրաանցման է ենթարկվել…

Այս բացառիկ դաժան դեպքին ականատես եղած մարդիկ՝ գործով վկաներն էին հարցաքննվում այս դատական նիստին:

Պետք է ասել, որ գործով վկայի կարգավիճակ ունի նաև երեխային առաջինը վրաերթի ենթարկած երիտասարդ վարորդը…

Մինչ վկաների ցուցմունքներին անցնելը նշենք, որ երեխային առաջինը վրաերթի ենթարկած և օդ շպրտած «Ֆոլքսվագենի» ղեկին նստած երիտասարդ Հարությունյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, վարել է իր հայրիկի մեքենան: Նա, ինչպես տուժող ընտանիքը, Նորագավիթից է:

Այս գործով ամբաստանյալ Արման Բադալյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը մեր զրույցի ժամանակ ասաց, թե իր ունեցած տեղեկություններով՝ երեխային առաջինը վրաերթի ենթարկած, վարորդական իրավունքի վկայական չունեցող երիտասարդը Կարամելի Հարութի վարորդի տղան է, ի սկզբանե քննությունը տարվել է այնպես, որ տղայի մեղավորությունը չհաստատվի, նրան մեղադրանք չառաջադրվի: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի համար երեխայի վրաանցումը կարելի է համեմատել գյուղացու բերքուբարիքը վնասած կարկուտի հետ՝ Արման Բադալյանը տեխնիկապես հնարավորություն չուներ արդեն օդ նետված երեխայի վրաանցումը կանխելու, և վրաանցումը կատարվել է ոչ թե մեքենայի առջևի, այլ հետևի անվադողով…

Երեխային առաջինը վրաերթի ենթարկած երիտասարդը քննիչի կողմից հարցաքննվել է միայն մեկ անգամ՝ հենց դեպքի օրը, դեպքից չորս ժամ անց, դրանից հետո ամբողջ նախաքննության ընթացքում նա այլևս չի հարցաքննվել: Չնայած նրա ցուցմունքների ու ականատես վկաների ցուցմունքների միջև առկա են եղել հակասություններ, բայց երիատասարդը նրանց հետ առերես չի հարցաքննվել… Եվ նրան «շնորհվել է» վկայի կարգվիճակ…

Միկրոավտոբուսի ուղևորներից մեկը՝ գործով վկա ֆիզկուլտուրայի ուսուցչուհին հայտնեց, թե 44   համարի երթուղայինով երթևեկում էր իր յոթ տարեկան թոռան հետ: Բացի վարորդից ՝ միկրոավտոբուսում յոթ ուղևորներ կային:

Կինը տեսել է, որ մայթեզրին կանգնած, տոնականորեն գունագեղ հագնված երեխան պոկվել է ինչ-որ մեկի ձեռքից ու արագ վազքով հայտնվել է երթևեկելի հատվածում, փորձել է ուղիղ հատել փողոցը: Բայց հանդիպակաց ուղեմասով ընթացող մուգ գույնի մեքենան հարվածել է երեխայի որովայնի մասին.   «Երեխային տեսա օդի մեջ…»: Երեխան, ըստ վկայի, խփվել է այդ մեքենայի ապակուն, հետո շպրտվել է դեպի առաջ ու կողք՝ դեպի Գազելը. «Գազելը տատանվեց, ես ենթադրեցի, որ երեխան ընկավ անիվի տակ… Մենք ճչացինք, իմ հետևում նստած երիատսարդ աղջիկը հիստերիայի մեջ ընկավ, փսխեց…»:

Ըստ այս վկայի՝ կանգ են առել ինչպես երեխային առաջինը վրաերթի ենթարկած մուգ մեքենան, այնպես էլ միկրոավտոբուսը:

Առաջին մեքենան, ըստ այս վկայի, կանգնել է վրաերթը կատարելուց անմիջապես հետո, այդ մեքենայի վարորդը դուրս է եկել այն բանից հետո, երբ երեխան արդեն ընկել էր Գազելի անիվի տակ…

Երեխայի կրկնակի վրաերթը, ըստ այս վկայի, տևել է հաշված  վայրկյաններ՝ մոտ տասը վայրկյան…

Գազելի վարորդն իջել է մեքենայից,  մի քանի րոպե դրսում մնալուց հետո վերադարձել, նստել է մեքենայի ղեկին ու մեքենայի մեջ մնացած երեք կանանց տարել-հասցրել է Այնթապի սկզբնամաս: Հետո թե ուր է գնացել՝ վկան չգիտեր: Նա ընթացքում լսել էր, որ վարորդը հեռախոսով խոսում է հավանաբար՝ երթուղային գծի տնօրենության հետ: Նա ասել է, որ Նորագյուղում մի մեքենա վրաերթի է ենթարկել փողոցն անցող երեխայի, հետո երեխան ընկել է իր մեքենայի անվադողի տակ, ինքն ի վիճակի չէ այլևս մեքենա  վարելու…

Վկան նշեց, որ դեպքի պահին եղանակը պարզ էր, տեղումներ չկային…

Նույն վկան նախաքննության ժամանակ չէր ասել, որ առաջին մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո երեխան դիպել է այդ մեքենայի դիմապակուն:

Մեղադրող Կոստանդյանը հարցրեց՝ միգուցե երեխան դիպել է ոչ թե դիմապակուն, այլ այդ մեքենայի շարժիչ ծածկոցին, որի վրա փորձագիտական եզրակացության համաձայն կար վրաերթի ենթարկվածի հարվածին բնորոշ վնասվածք: Վկան հստակ չհիշեց…

Հարցաքննվեց  վկա Ամիրխանյանը՝ նա նույն Գազելի ուղևորներից է եղել:

38-ամյա այս տղամարդն իր մտքերը այնքան էլ հստակ չէր ձևակերպում, շատ էլ հստակ չէր խոսում, բայց հատկապես նա է եղել այն քաղաքացին, որ Գազելի կանգնելուց հետո՝ «գմփոց ու ճիչ» լսելով՝ իջել է Գազելից, մի քանի վայրկյան նայել է սարսափելի վրաերթի ենթարկված երեխայի մարմնին, ում ոչ ոք չէր համարձակվում մոտենալ, բայց  Ամիրխանյանը մոտ է գնացել, գրկել է երեխային ու մի պահ նայել է կանգնած մեքենաներին՝ ո՞վ երեխային կհասցնի հիվանդանոց: Մի տաքսու վարորդ ասել է՝ ես չեմ կարող տանել, բայց մեքենաս տամ, դու տար: Ամիրխանյանն ասել է, որ ինքը վարորդ չի: Ապա հինգ-վեց մեքենայից հետո կանգնած մի «Ֆորդի» վարորդ ընտանիքն իջեցրել է մեքենայից և Ամիրխանյանի հետ երեխային հասցրել է հիվանդանոց… Ցավոք, հիվանդանոցում արձանագրվել է, որ երեխան մահացել է…

Վկա Ամիրխանյանն ասաց, թե երեխան ընկած էր «կողի վրա», նրան ոչ ոք չէր մոտիկանում, ինքը իջել է Գազելից, անցել է Գազելի առջևի մասով, ապա՝ միմյանց զուգահեռ կանգնած Գազելի ու Ֆոլքսվագենի արանքով ու մոտեցել է երեխային…

Վկան ասաց, որ երեխայի առաջին վրաերթն ինքը չի տեսել, որովհետև զբաղված էր հեռախոսով:

Վկան նշեց, որ այնպիսի գմփոց է լսել, որ մտածել է, թե գազի պայթյուն եղավ…

Նույն վկան այնուհետև  վերադարձել է  դեպքի վայր ու «գաիշնիկների հետ» մասնակցել է դեպքի վայրի զննությանը: Երեխային առաջինը վրաերթի ենթարկած մեքենան կանգնած էր ոչ թե դեպքի վայրում, այլ դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի բակում, այդ մեքենան զննվել է այնտեղ: Մեքենան այնտեղ է տարել վրաերթը կատարած երիտասարդի հայրը՝ տվյալ մեքենայի տերը…

Այս վկային նախագահող դատավորը շնորհակալություն հայտնեց՝ դեպքի վայրում նրա դրսևորած պահվածքի համար…

Այս վկայի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Արման Բադալյանը լաց եղավ: Պաշտպանի խոսքով՝ նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները, նա վատառողջ է…

Որպես վկա հարցաքննվեց 44 համարի երթուղային գծի երթակարգավարը, ով դեպքից մոտ 40 րոպե հետո Մաշտոցի պողոտայում տեսել է Գազելի վարորդ Արման Բադալյանին՝ վերջինս այնտեղ է գնացել տաքսիով՝ երթակարգավարի հետ հանդիպելու: Արման Բադալյանը շատ այլայլված է եղել, նա կցկտուր պատմել է, որ մի մեքենայի կողմից վրաերթի ենթարկված երեխան ընկել է իր Գազելի անիվի տակ: Հետո Արմանի հեռախոսին զանգ է եկել՝ ոստիկաններն էին, ովքեր Արմանի տանն էին արդեն: Արմանն անմիջապես տաքսով տուն է գնացել…

Հարցաքննվեց գործով «գլխավոր վկան»՝  երեխային առաջինը վրաերթի ենթարկած երիտասարդը՝ Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ դեպքի օրը «Ջանգյուլումի օրն էր», դեպքի պահին  ինքը հոր մեքենայի ղեկին է եղել՝  վարորդական իրավունքի վկայական չունենալով: Հոր հետ այդ օրը գնացել էին դեպքի վայրի հարևանությամբ գտնվող սուսերամարտի դպրոց, որտեղ ինքը պարապում է: Այդ օրը մրցումներ պիտի լինեին…

Այնտեղ նստել է մեքենայի ղեկին՝ մենակ, առանց հայրիկի, և ուղևորվել է դեպի իրենց տուն՝ Նորագավիթի 8-րդ փողոց՝ հագուստի ինչ-որ պարագա բերելու: Երթևեկել է 40-50 կմ/ժ արագությամբ: Մայթին կանգնած երեխան «աննկատելի կերպով» հայտնվել է փողոցում, դիպել է իր մեքենայի առջևի մասին ու «քեփին տալով»՝ գլորվել է փողոցով՝ մինչև հանդիպակաց ուղեմասում գտնվող Գազելի հետևի ձախ անվադողը:

Նախագահողի հարցին վկա Հարությունյանը պարզաբանեց, որ «քեփին տալը» նույն վիճակն է, որով մարդը գլորվում է, երբ նրան «պադնոժկա» են տալիս: Այս վկան բացառեց, որ երեխան օդ է շպրտվել իր մեքենային «դիպչելուց» հետո, նա ասաց, թե երեխան «գլորվել է»…

Այս վկան պնդեց, թե Գազելը գտնվում էր կանգնած վիճակում: Երբ երեխան «դիպել է» իր մեքենային ու «քեփին տալով» գնացել է դեպի Գազելը, ինքն իջել է մեքենայից ու Գազելի վարորդին ձեռքի շարժումներով ու գոռոցով զգուշացրել է, որ կանգնած տեղից չշարժվի, անիվի տակ երեխա կա… Գազելի վարորդը ուշադրություն չի դարձրել իկս հետո նա նույնիսկ չի իջել մեքենայից…

Վկայի այս խոսքերը զայրացրին նույնիսկ Գազելի ուղևորուհի վկային, ով նախագահողի հարցումով ոտքի կանգնեց ու պնդեց, որ Գազելը կանգնած չի եղել, «Ֆոլքսվագենի» վարորդը մեքենայից իջել է, երբ երեխան արդեն վրաանցման էր ենթարկվել Գազելի կողմից, արդեն անիմաստ էր, որ նա Գազելի վարորդին զգուշացներ կամ ձեռքով աներ: Գազելի բոլոր ուղևորները նշել են, որ Գազելը եղել է դանդաղ ընթացքի մեջ, կանգնած չի եղել…

Վկա Հարությունյանը պնդեց, որ երեխան իր մեքենային «դիպչելուց հետո» մեքենայի շարժիչի ծածկոցին չի ընկել: Մեքենայի շարժիչի ծածկոցին առկա փոսը հնարավոր է, որ առաջացած լինի, երբ մեքենան ոստիկանական տուգանային հրապարակում էր՝ այդ օրը քամի էր, միգուցե ինչ-որ բան է ընկել «կապոտին» ու վնասել է…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը մեջբերում կատարեց փորձաքննության եզրակացությունից, համաձայն որի՝ «Ֆոլքսվագենի» շարժիչի ծածկոցին՝ ձախ եզրից 53 սմ դեպի աջ առկա է «փոս ընկած հետք», որը բնորոշ է փափուկ մարմնի, այդ թվում՝ մարդու մարմնի հարվածի…

Վկան պնդեց, որ իր մեքենայի «կապոտին» ինքը վնասվածք չի տեսել… Ինքը հենց որ երեխային տեսել, անմիջապես արգելակել է: Ամբաստանյալի շահերի պաշտպան Լ. Ավետիսյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ արգելակման հետք չի արձանագրվել: Վարորդական իրավունքի վկայական չունեցող երիտասարդը պատասխանեց. «Չի ճռացել, դրա համար հետք չի թողել»:

Վկա Հարությունյանը նույնիսկ ասաց, թե ինքը տեսել է, որ իր մեքենային «դիպչելուց» հետո «քեփին տված» ու Գազելի հետևի անիվի մոտ փորի վրա ընկած երեխան հենվել է ձեռքերի վրա, որ վեր կենա…

Վկա Հարությունյանն ասաց, թե ինքը դեպքից հետո, երբ լսել է, թե ինչպես Գազելի անիվն անցավ երեխայի գլխի վրայով, իր գլուխը բռնել, նստել է բարդյուրին ու «տառապել է»: Նա չի մոտեցել երեխային, որովհետև տեսածից հետո չէր կարող մոտենալ…«Դեպքից հետո ցնորվել եմ»,- ասաց վկան: Եվ ավելացրեց, որ այդ «ցնորման» պատճառով ինքը խփել ու վնասել է իր մեքենայի դռան ապակին ու բագաժնիկը:

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած երեխայի հայրը, տեղից ասաց, որ այդ մեքենայի ապակին վկան չի ջարդել: Այս խոսքերից հետո վկա Հարությունյանը փոխեց խոսքերն ու ասաց, թե մեքենայի դռան ապակին ջարդել է մեկ այլ քաղաքացի, իսկ ինքը ոտքով հարվածել ու վնասել է մեքենայի «բագաժնիկը»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մի քանի անգամ հարցրեց՝ ինչո՞ւ են քաղաքացիները դեպքի վայրում հարվածել «Ֆոլքսվագենին», ոչ թե Գազելին, որը մոտ հինգ րոպե կանգնած է մնացել վրաերթերից հետո:

Տուժողի իրավահաջորդը պարզաբանեց, որ «Ֆոլքսվագենի» դռան ապակին ու «բագաժնիկը» նյարդայնացած վիճակում ջարդել է իրեն ճանաչող մեկը, ով տեսել է կատարվածը…

Նախագահողի հարցին՝ ինչո՞ւ է Հարությունյանն առանց վարորդական իրավունքի վկայականի նստել մեքենայի ղեկի, վկան պատասխանեց. «Դե, մեր փողոցում էի, խամ չէի»: Նախագահողը հարցրեց. «Երեխային դո՞ւ ես խփել »: Վկան պատասխանեց. «Այո… մեքենայի ղեկին նստել էի, որ սովորեմ…»:

Քանի որ Գազելի ուղևորուհի վկան առերես պնդեց, որ Գազելը կանգնած չի եղել, այլ շարժվել է դանդաղ ընթացքով, վկա Հարությունյանը դիմեց նախագահողին. «Ես ասում եմ՝ կանգնած ա եղել, մյուսն ասում ա՝ չի եղել, ո՞նց ա լինելու»:

Ապա վկա Հարությունյանը նախագահողին իր տրամաբանությամբ բացատրեց. «Լոգիկայով նայենք՝  եթե երեխան իմ մեքենայի կապոտին կպավ, պիտի հետ գնար…»:

Նախագահողը նշեց, որ վթարի պահին մարմինների շարժումը տարբեր է սուսերամարտի ժամանակ մարմինների շարժումից…

Հրապարակվեց այս վկայի՝ նախաքննական միակ ցուցմունքը, որը վերցրել էին ու նրան տվել էին վկայի կարգավիճակ:

Այդ ցուցմունքում վկան իր ձեռքով գրել է, որ Գազելը դանդաղ շարժվում էր՝ կանգնած չէր: Բացի այդ՝ նա նշել է, թե ինքը, լինելով կատարվածի ազդեցության տակ, հարվածել և իր ձեռքով ու ոտքով ջարդել է իր հայրիկի մեքենայի դռան ապակին, «բագաժնիկը», նաև՝ «կապոտը», մինչդեռ դատարանում պնդում էր, թե «կապոտի» վրա քամին ինչ-որ բան կլինի գցած, ինքն այդ վնասվածքը չի տեսել…

Նախաքննական ցուցմունքում վկան նշել է, որ տեսել է՝ ինչպես երեխան մայթից հայտնվեց փողոցում ու վազքով փորձեց հատել փողոցը: Երբ երեխան «դիպավ» մեքենային, նա «շպրտվեց առաջ ու ձախ, ընկավ հանդիպակաց ուղեմաս, իմ մեքենայից մոտ երկու մետրի վրա…»:

Վկան իր ցուցմունքում գրել է, թե ընթանում էր մոտ « – 50 կմ/ժ արագությամբ»: Վկան գրել է՝ «մոտ» ապա գծիկ է դրել ու թիվ է գրել: Նախագահողը հարցրեց՝ գծիկից առաջ ինչո՞ւ թիվ չի նշել, ասենք՝ մոտ 40-50կմ/ժ, ինչպես նշեց դատարանում: Ապա ենթադրություն արվեց, որ գծիկից առաջ տեղ է բաց թողնվել՝ փորձագետի եզրակացությունից հետո համապատասխան թիվը գրելու համար, բայց մոռացել են, ու տեղը բաց է մնացել…

Վկա Հարությունյանը, դժգոհելով ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի հարցերից, ասաց. «Ոնց որ փորեք, վատը ման գաք»:

Նախագահողը հարցրեց վկային՝ ինչո՞ւ են մահացած երեխայի ընտանիքին հատուցել հուղարկավորության ու գերեզմանի կառուցման ծախսերը, եթե նա մեղավորություն չունի, եթե նրան մեղադրանք առաջադրված չէ: Սկզբում վկան ասաց. «Ո՞նց չհատուցեինք», ապա ասաց, որ հայրն է հատուցել, և ինքը չի ուզում բարձրաձայնել այդ մասին:

Դատական հաջորդ նիստին՝ օգոստոսի 7-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts