Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

«Իմ անունը Ապարանցի Պավլիկ ա». Պավլիկ Մանուկյանը պահանջեց նիստերի դահլիճ բերել «Միայնակ գայլին»

«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստն այսօր՝ հուլիսի 12-ին, ընդմիջումից հետո վերսկսվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճում չեն ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), Գագիկ Եղիազարյանը:

Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանից հետաքրքրվեց, թե որտեղ է իր պաշտպանյալը. «Իմ պաշտպանյալը նախորդ նիստին խոշտանգումների եւ ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Ղազարյանի կողմից, ես հիմա վստահ չեմ, որ  իմ պաշտպանյալը կրկին կենթարկվի ծեծի, թե ոչ»:

Դատարանը նշեց, որ դատարանի խցում Արայիկ Խանդոյանին ծեծելու մասով քրեական գործ է հարուցվել եւ այժմ կատարվում է նախաքննություն:

Արա Ղարագյոզյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին դիմելով նշեց, որ նա չի  կարող լինել անկողմնակալ դատավոր եւ ինքը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում միայն նրա համար, որովհետեւ վստահ է, որ այն մերժվելու է:

«Քանի որ իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դուք էլ նիստերի դահլիճում եք եղել, ուրեմն դուք չեք ղեկավարվում այն, այլ` Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը: Դուք կաշկանդված եք այս գործով եւ արդարադատություն չեք իրականացնում»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ դատարանի դահլիճում է գտնվում ամբաստանյալներին դատարանի խցում խոշտանգելու օպերացիան ղեկավարած փոխգնդապետ Ղազարյանը, որը կասկածյալի կարգավիճակ ունի եւ իրավունք չունի շփվել տուժողի հետ: Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց բացառել փոխգնդապետ Ղազարյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:

«Ով խոշտանգել է ամբաստանյալին, այսօր էլ նիստերի դահլիճում է, քրեական գործ է հարուցվել եւ նա կասկածյալի կարգավիճակ ունի եւ իրավունք չունի շփվել այն մարդու հետ, որը պետք է ունենար տուժողի կարգավիճակ»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը տեղից եւս պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում. «Քո արդարադատության հիմնարկում է էս ամենը եղել, փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձեւի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետեւ խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»:

Դատավորը դիմեց Պավլիկ Մանուկյանին. «Մանուկյան, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք», ինչին Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»:

Դատարանը ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts