Բժշկական համալսարանում հանձնել են դիպլոմները (ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից եւ հյուրերից բացի` մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները: Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել է նաեւ առաջնագծում հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարած այդ զինվորներից Սարգիս Ստեփանյանին եւ Գոռ Դարմանյանին: Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով:

Նիստում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բացման խոսքից եւ համալսարանի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, շրջանավարտներն ընթերցել են Հիպոկրատի երդումը եւ ստացել դիպլոմները:

Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ԵՊԲՀ-ի եւ ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոնում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին եւ խոստացել աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն: Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների եւ վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաեւ ուսումնական ծրագրեր:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts