Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Ո՞ր դեպքում հացադուլավորն արհեստական սնուցում կստանա

Հայաստանի կառավարությունը հուլիսի 6-ին հավանության է արժանացրել «Կալանավայրերում դատապարտյալների եւ Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կարգի կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագիծը։ Որոշման համաձայն՝ նախատեսվում է հացադուլ հայտարարած անձնանց կալանքի պայմանների, նրանց հետ աշխատանքների եւ այդ աշխատանքների առանձնահատկությունների պայմանների հստակ կանոնակարգում։ Սուրեն Քրմոյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նախատեսվում այս որոշմամբ:

Պարո՛ն Քրմոյան, ինչո՞վ էր պայմանավորված սննդի ընդունումից հրաժարված, այսինքն՝ հացադուլ իրականացնող կալանավորված անձանց ևդատապարտյալների պահման պայմանների առանձնահատկություններըօրենսդրությամբ ամրագրելու անհրաժեշտությունը:

Կառավարության նիստի քննարկումների ժամանակ Արդարադատության նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից հացադուլի իրականացումը պարբերաբար կրկնվող երևույթ է, սակայն այս անձանց պահելու պայմանների առանձնահատկությունները ներկայումս օրենսդրությամբ կանոնակարգված չեն: Նմանատիպ իրավիճակը պրակտիկայում մի շարք խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ այդպիսի անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն, սննդով ապահովելուն, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների կողմից դրսևորվող վարքագծին առնչվող հարցերի դիտանկյունից: Այս հարցերի կանոնակարգման նպատակով էլ Արդարադատության նախարարության կողմից մշակվեց «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» որոշման նախագիծը, որը Կառավարության սույն թվականի հուլիսի 6-ի նիստում հավանության արժանացավ: Որոշման հիմքում դրվել են Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկների վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Բանտերում առողջապահության էթիկական և կազմակերպական ասպեկտների վերաբերյալ թիվ R (98) 7 հանձնարարականի, ինչպես նաև միջազգային փորձի կարգավորումները:

Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հացադուլ է հայտարարումի՞նչ քայլեր են հետևելու այդ հայտարարությանը արդեն իսկ ընդունված որոշմանպայմաններում:

Մենք փորձել ենք միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորել գործնականում խնդրո առարկայի վերաբերյալ առաջացող հարաբերությունները՝ ապահովելով կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պատշաճ իրացման համար անհրաժեշտ երաշխիքները:

Որոշման համաձայն՝ եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հացադուլ է հայտարարում, ապա հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Փաստի արձանագրումից հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձն այդ մասին պետք է իրազեկի որոշմամբ նախատեսված իրավասու մարմիններին և անձանց:

Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում, սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, տեղափոխվում այդ նպատակով հատուկ առանձնացված խուց:

Ընթացակարգային այս կարգավորումներից զատ՝ մանրամասն կանոնակարգման են ենթարկվել նաև հացադուլ իրականացնող անձին տրվող բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները:

Ինչպե՞ս է դրսևորվում հացադուլ իրականացնող անձին տրվող բժշկականօգնությունը և սպասարկումըԵթե առկա են որոշակի առանձնահատկություններապա որո՞նք են դրանք:

Որոշման կարգավորումների համաձայն՝ հացադուլ իրականացնող անձը պետք է գտնվի բժշկի մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն անձի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պետք է պարզի հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով, տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և այդ մասին գրառում կատարի նրա բժշկական քարտում: Բացի այդ, որոշմամբ հստակ սահմանվել է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով: Նրան տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը չի կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումովԿարծում եմ՝ որոշման կարգավորումներն իրենց ամբողջության մեջ փաստում են, որ ամրագրվել է բժշկական հսկողության այնպիսի կառուցակարգ, որի շնորհիվ պետությունը կարող է ապահովել իր հսկողության տակ գտնվող անձանց, այս դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պատշաճ կերպով իրացումը:

Նշեցիքոր հացադուլ իրականացնող անձի նկատմամբորպես բժշկականօգնությունկարող է իրականացվել արհեստական սնուցումԻ՞նչ է իրենիցներկայացնում արհեստական սնուցումը:

Արհեստական սնուցումը հեղուկ հավելումներով կամ այլ միջոցներով հացադուլ իրականացնող անձին տրամադրվող բժշկական օգնությունն է: Այս առումով անհրաժեշտ է հստակ տարանջատել «արհեստական սնուցում» և «հարկադիր կերակրում» հասկացությունները: Ի տարբերություն արհեստական սնուցման՝ հարկադիր կերակրումն ակտիվ դիմադրություն ցույց տվող անձին կերակրելն է, որը հաճախ իրականացվում է ֆիզիկական կամ զսպման մեխանիկական միջոցների կիրառմամբ՝ անձին կերակրելով: Կերակրման այս տեսակը կարելի է դիտարկել երկու ասպեկտով՝ իրավական և էթիկական:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վկայում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ իրականացվող հարկադիր կերակրումը կարող է բարձրացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) հնարավոր խախտման հարցը: Սա հարկադիր կերակրման իրավական կողմն է:

Եթե հարցին նայենք բժշկական էթիկայի տեսանկյունից, ապա այս առումով Տոկիոյի հռչակագիրն ուղղակիորեն նախատեսում է, որ բուժող բժիշկներին էթիկական առումով արգելվում է մասնակցել հարկադիր կերակրմանը: Սակայն, նրանք կարող են անձի համաձայնությամբ կամ, երբ անձն այլևս ընդունակ չէ տալ կամ հրաժարվել իրազեկված համաձայնություն, որոշել, որ անձի կլինիկական շահերից է բխում սկսել արհեստական սնուցումը: Ըստ այդմ՝ որոշմամբ հստակ ամրագրվել է, որ հարկադիր կերակրումն արգելվում է:

Իսկ ի՞նչ է լինում այն դեպքումերբ հացադուլ իրականացնող անձը հրաժարվում էբժշկական օգնությունից և սպասարկումից:

Նախ նշեմ, որ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հարցում առանցքային նշանակություն ունի անձի համաձայնության սկզբունքը: Այս սկզբունքն ամրագրված է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միաժամանակ օրենքը նախատեսում է այն դեպքերը, երբ կարելի է շեղվել այդ սկզբունքից: Օրենքի համաձայն՝ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում: Այսինքն՝ ելնելով առողջության պահպանման իրավունքի ուժով պետության ստանձնած պոզիտիվ պարտականությունից՝ օրենսդիրը նախատեսել է առանց անձի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հնարավորությունը:

Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսվել են հացադուլ իրականացնող անձին առանց իր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նշյալ երկու դեպքերը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts