Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Յուրա Մովսիսյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին

Թեև աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից անցել է մոտ երկու շաբաթ, այդուհանդերձ՝ մերոնց խայտառակ ելույթի վերաբերյալ քննարկումները դեռևս օրակարգային են: Ֆուտբոլասերների զգալի մասն այն կարծիքին է, որ մեր հավաքականի պարտության գլխավոր պատճառը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ դարպասապահ Գևորգ Կասպարովին և Յուրա Մովսիսյանին ազգային թիմ վերադառնալու հնարավորություն չտալն էր: Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը հատկապես «փայլեց» Արսեն Բեգլարյանը, ում վստահաբար կարելի է դասել եվրոպական հավաքականներում հանդես եկող ամենավատ և թույլ դարպասապահների շարքին: Կրկին անգամ նկատվում է բարձրակարգ կենտրոնական հարձակվողի պակասը: Առջևի գծում մերոնց գործողությունները պրիմիտիվ էին և անատամ:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ կարոտում է Հայաստանի ազգային հավաքականը՝ ակնարկելով, որ պատրաստ է վերադառնալ: Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, Ռուբեն Հայրապետյանը, բացառելով Մովսիսյանի վերադարձը, հայտարարել էր. «Եթե կարոտում է, թող հավաքականի խաղերի տեսագրություններն անընդհատ դիտի: Եթե կարոտում են, ինչո՞ւ էին փախչում հավաքականի խաղերից: Խի՞ էր փախնում հավաքականի խաղերից, խի՞ էր հրաժարվում հավաքականում խաղալուց, ձեր աչքի առաջ ա ամեն ինչ եղել, բա ինչո՞վ էր զբաղված վերջին երեք տարին Յուրա Մովսիսյանը: Երեք տարի, ի՞նչ է, ֆուտբո՞լ է նա խաղացել։ Եթե մարդ մեկին կարոտում է, տեսնում գրկախառնվում է, բա որ կարոտում էր, ինչի՞ էր փախնում հավաքականից, մի ժամ առաջ ինչի՞ էր գալիս ասում՝ ոտս ա ցավում… խի՞ էր մարզումներից փախչում, բազմաթիվ բաներ կան»:

Տևական ժամանակ Մովսիսյանը լռում էր, և թվում էր թե ՀՖՖ նախագահի հերթական վիրավորական հայտարարությունն անպատասխան կմնա: Սակայն նախօրեին Յուրա Մովսիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, այնուամենայնիվ, անդրադարձել էր Հայաստանի ազգային հավաքականին: Մովսիսյանը նշել էր, որ ընդհանրապես չի կարոտել Հայաստանի հավաքականը և ցանկություն չունի վերադառնալու:

«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ, ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում: Ես ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»,- ասել է նա:

Թե ում նկատի ունի Մովսիսյանն ուրիշ ասելով՝ կարծում ենք, ակնհայտ է: Մովսիսյանի՝ Հայաստանի ազգային հավաքականն այլևս չկարոտելու պատճառն էլ, կարծում ենք, Հայրապետյանի հայտարարություններն էին, ինչպես նաև Մոնտենեգրոյի հետ հանդիպումը: Այս հավաքականը հնարավոր չէ կարոտել: Հնարավոր չէ, քանզի այն մեկ մարդու թեթև ձեռքով խայտառակում է երկիրը: Հայկական ֆուտբոլում տիրող ռեժիմի հետևանքով ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները նմանվել են խամաճիկների: Ձախողումներ դեռ շատ են լինելու:

Նկատենք, որ Յուրա Մովսիսյանը չի կարոտել նաև ֆուտբոլիստներին: Մասնավորապես, մեր հավաքականի նախկին հարձակվողը, հայտարարելով, որ ազգային թիմը չի կարոտել, կարող էր նշել, որ կարոտել է խաղընկերներին: Թե ինչու Մովսիսյանը չի հիշատակել խաղընկերներին՝ դժվար է ասել:

Ակնհայտ է, որ հավաքականում տիրող վիճակը ծանր է և անմխիթար: Ցավալի է, որ հայկական ֆուտբոլի վերջին տասնամյակի բոլոր ձախողումները կապված են մի մարդու հետ: Մովսիսյանն այն բացառիկ ֆուտբոլիստներից է, ով պատասխանեց Հայրապետյանին: Վերջինիս կողմից դավաճանների, մոլախոտերի որակավորում են ստացել բազմաթիվ ֆուտբոլիստներ: Նրանցից շատերն ուղղակի արհամարհում են ՀՖՖ նախագահին և վիրավորական արտահայտությունները որևէ կերպ չեն մեկնաբանում:

Մովսիսյանը չէր կարող չարձագանքել Հայրապետյանի հայտարարությանը, քանզի մեծ ավանդ ունի Հայաստանի հավաքականում: Մովսիսյանը կարոտել է երկրպագուներին ուրախացնելու պահերը, որոնք բազմաթիվ են եղել նրա՝ ազգային հավաքականում խաղալու ժամանակ: Կունենա՞ Մովսիսյանը հավաքականի երկրպագուներին ուրախացնելու առիթ՝ դժվար է ասել: Դա կլինի միայն մի դեպքում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts