Զոհեր կան, հրթիռակոծվում են հայկական դիրքերը

Արցախի պաշտպանության բանակը տեղեկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է հինգ արկ և մեկ «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռ: Զոհ և վիրավոր չկա, հայկական կողմն էլ ձեռնպահ է մնացել պատասխանից, բայց հայտարարում է, որ շարունակելու դեպքում Ադրբեջանին տրվող պատասխանը լինելու է ցավոտ և անհամարժեք:

Ադրբեջանական կողմը տևական ժամանակ՝ մի քանի ամիս, ձեռնպահ էր մնում հայկական դիրքերի ուղղությամբ արկ կամ հրթիռ արձակելուց, իսկ տեղի ունեցող ողբերգական մի քանի միջադեպերն էլ գրանցվում էին դիպուկահարի կրակոցից: Ժնևի հանդիպումից հետո Բաքուն փաստորեն խախտում է միքանիամսյա այդ «լռությունն» ու արկակոծում հայկական դիրքերը, իհարկե՝ փոքր ծավալով: Սակայն ծավալն այս դեպքում էական չէ, էական է «վերսկսման» փաստը, հատկապես Ժնևի հանդիպումից հետո, որը Բաքուն ներկայացրեց որպես բանակցության «վերսկսում»:

Երևանն իհարկե պնդեց հակառակը, որ դա բանակցություն չէ, այլ հանդիպում, որտեղ պահպանվում է Վիեննայի օրակարգը, այսինքն՝ սահմանին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը: Բայց հատկանշական է, որ Ժնևի հանդիպմանը չի խոսվել Վիեննայի օրակարգի մասին, անգամ չի արտահայտվել դա ամփոփիչ հայտարարության տեքստում: Իհարկե, ինքնին հայտարարության մեջ բացակայությունը դեռ չի նշանակում, որ օրակարգը այլևս չեղարկված է: Եվ չի նշանակում, որ բանակցությունն է վերսկսված: Սակայն առաջանում են, մեղմ ասած, մտահոգության և կասկածի հիմքեր, որ կարող է «վերսկսված» լինել Վիեննայի օրակարգի չեղարկման գործընթաց:

Համենայնդեպս, Ժնևի հանդիպումը «սկսվեց» սահմանին հայկական կողմից զոհով և «ավարտվեց» զոհով ու այժմ էլ փաստորեն շարունակվում է հայկական դիրքերի ուղղությամբ հրթիռների արձակումով: Եվ այդ հրթիռակոծումը, անկախ մասշտաբից ու ծավալից, գործնականում առնվազն կարող է դիտվել որպես «հետախուզական» հրթիռակոծում՝ Ժնևից հետո: Եվ դա նաև Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, թե Ալիևը ևս մտահոգված է ու շահագրգռված, որ սահմանին չլինեն զոհեր:

Այս օրերին, իհարկե, զոհի մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն չէ, որ հայկական զոհի դիմաց ադրբեջանցիները հատուցեն իրենց զոհերով: Ինչ խոսք, եթե հակառակորդը շարունակում է մարդասպանության դիվանագիտությունը, ապա հայկական կողմը նվազագույնը համարժեք պատասխանելն ու պատժելը պետք է շարունակի, սակայն բուն, խորքային խնդիրը միջավայրի, իրավիճակի, քաղաքական կամ ռազմաքաղաքական մթնոլորտի խնդիրն է, որպեսզի չառաջանա լարում, չլինեն զոհեր և պատասխան գործողություններ:

Այդ իմաստով Ժնևին զուգահեռ ադրբեջանական կողմի պահվածքը առաջացնում է հարցեր հայկական կողմին, հայկական դիվանագիտությանը: Մյուս կողմից, իհարկե, Բաքվի պահվածքը կարող է թողնել շանտաժի տպավորություն, բանակցային կամ, այսպես կոչված, հանդիպումային քաղաքական գործընթացում անբարենպաստ վիճակի առումով:

Սակայն դրան զուգահեռ կա նաև այլ հարց՝ իսկ գուցե Բաքվի համար գործընթացը ունի հենց այդ նշանակությունը և նպատակը, այսինքն՝ ստանալ ավելի ու ավելի շատ կրակելու «լեգիտիմ» հնարավորություն, ուրիշ ոչ մի բան: Թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք՝ իհարկե շատ դժվար է ասել, դրա համար անհրաժեշտ է գործընթացի կուլիսային մեծ ծավալի տեղեկատվություն, որը չկա: Սակայն ակնհայտ է, որ Ժնևից հետո Բաքուն ակտիվանում է սահմանին կամ դրսևորում նման միտումներ:

Առաջիկայում սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, ինչպես հայտարարվել էր Ժնևից հետո: Չի բացառվում, որ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերի 24-ին Պալերմոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակում, թեև այդ մասին իհարկե չի եղել որևէ պաշտոնական հաղորդագրություն: Հավանական է նաև, որ Բաքուն հրթիռներն արձակում է արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Բոլոր դեպքերում առայժմ խիստ անորոշ է Երևանի պահվածքը: Արցախի պաշտպանության նախարարության հայտարարությունը միանգամայն համարժեք է իրավիճակին, սակայն բուն խնդիրն այն է, թե ինչ արձագանք է տալու Երևանը, քանի որ ակնհայտ է, որ գործընթացը առայժմ դիվանագիտական փուլում է, և հենց դրանում զարգացումներից է կախված, թե արդյոք Բաքվին կհաջողվի՞ տեղափոխել այն ռազմական փուլ կամ վերադարձնել ռազմական փուլ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts