Սարգիս Գրիգորյան. «3 աղջիկ ունեմ, բայց Յանան ուրիշ է այդ հարցում»

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կրտսեր դուստրը` Յանան, կնկարահանվեն 25 մասանոց նոր հեռուստաֆիլմում։ Սարգիսը խոսել է առաջին անգամ դստեր հետ նկարահանվելու, իր մտավախությունների և փոքրիկի շնորհքի մասին։

«Ռեժիսոր Ելենա Արշակյանն ինձ առաջարկեց նկարահանվել նոր ֆիլմում, որին ինձ շատ դուր եկավ։ Սցենարը շատ լավն էր և ոչ շաբլոն։ Կարևոր հանգամանք է, որ մինչև վերջ էր գրված։ Պատմությունը թրաֆիքինգի մասին է։ Կարծում եմ` լավ կստացվի, որովհետև կարդալուց ինքս էլ հուզվել եմ»,– ասաց դերասանն ու հավելեց, որ դստեր մասնակցությունը ֆիլմում իր նախաձեռնությամբ չի եղել։

Դերասանը պատմեց, որ Ելենայի առաջարկով երեխայի կերպարի քասթինգին մասնակցել է նաև կրտսեր դուստրը` Յանան։ «Առանց ծանոթի, շատերի հետ իրեն էլ բերեցինք քասթինգի։) Հենց իրեն էլ ընտրեցին։ Կարծում եմ` ինձ հետ աշխատելն իր համար ավելի հեշտ կլինի, որովհետև շատ դեպքերում երեխաները դժվարանում են ուրիշին պապա ասել։ Դեռ չեմ  նկարվել երեխուս հետ։ Ինձ համար էլ է սա մեծ անակնկալ։ Ուրախ և անհամբեր եմ»,– ասաց Սարգիսն ու հավելեց, որ մի քիչ անհանգիստ է, քանի որ դստեր դերը շատ պատասխանատու է։

«Շատ դժվար դեր է, հոգեբանական վիճակներ կան, որոնք չգիտեմ` ինչպես պիտի հաղթահարի։ Դերասան լինելով` ես մի քիչ վախենում եմ, բայց ռեժիսորն ասաց, որ չխառնվենք այդ գործին։ Ինքը Յանայի հետ շփվելով կարող է լուծել այդ հարցը։ Ես լիարժեք վստահում եմ Ելենային, տեսնենք` ինչ կստացվի։ Առաջիկա օրերին միասին կնկարահանվենք։ Վախենում եմ այդ օրվանից։ Շատ եմ անհանգստանում, բայց հուսով եմ` Յանան տղամարդ–աղջիկ է, այնպես չի անի, որ պապան տխրի կամ ամաչի իր փոխարեն»,– ասաց նա ու հավելեց, որ Յանան անհամբերությամբ սպասում է նկարահանումների մեկնարկին։

Սարգսի խոսքով` դուստրն ունի համապատասխան տաղանդ` այս ասպարեզում հայտնվելու համար։ «Շատ կուզեմ, որ զբաղվի այդ գործով, ինչու ոչ։ Իր համար ավելի հեշտ կլինի էստեղ պապա, մամա ունի։ Յանան շատ շնորհքով է։ Կատարյալ լսողություն ունի` երգելու պարելու, շարժվելու պլաստիկայի առումով։ Արդեն աշխատում ենք իր ունակությունները զարգացնելու ուղղությամբ։ Ես մեծ պլաններ իր հետ կապված։ Կարծում եմ` Յանան կարող է շատ մեծ հաջողությունների հասնել արվեստի մեջ։ Փոքրիկիս մեջ տեսնում եմ բնավորության գծեր, որ կարող է շատ լավ հաղթահարել այդ ամենը։ Իր տեսքը, աչքերի գույնը, խոսելաձևը, շարժումները, ցանկացած ֆիլմ կամ մուլտ մեկնաբանելը ինձ սիպում են հասկանալ, որ կարող է։ Այնպես չէ, որ իմ աղջիկն է, ասում եմ։ 3 աղջիկ ունեմ, բայց Յանան ուրիշ է այդ հարցում։ Մյուս 2 աղջիկներիս դեպքում չէի ուզի գնան այդ ճանապարհով, քանի որ իրենք, դժվար թե, կարողանան լուրջ հաջողությունների հասնել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ այդպես եմ կարծում, գուցե, հետո փոխվի»,– ասաց դերասանը։

Ինչ վերաբերում է Էվայի արձագանքին` Սարգիսը նշեց, որ Մանոն կարողացել է ամեն բան լավ կազմակերպել։ «Բնականաբար, մեզ մոտ մտավախություն կար, որ 2 քույրեր են, գրեթե, հասակակից, մեկը ֆիլմում է նկարահանվելու, մյուսը` ոչ, սակայն Մանոն շատ լավ նախապատրաստեց` հաշվի առնելով, որ Էվան արդեն դպրոցական է, այլ նախասիրություններ ունի։ Էվան ավելի շատ գիր–գրականություն, բանաստեղծություններ, լեզուներ է սիրում։ Մանոն նրան այնպես ներկայացրեց ամեն բան, որ շատ հանգիստ տարավ այդ փաստը, հիմա ինքն էլ է շատ անհամբեր սպասում։ Ամեն բան երեխային տրամադրելուց է կախված, իսկ Մանոն դրա վարպետն է»։

Դերասան ամուսինների աղջիկները հաճախ են մասնակցում ֆոտոշարքերի, սակայն  սա Յանայի առաջին փորձն է լինելու նկարահանվել վիդեո տարբերակում։ Ըստ Սարգսի` Յանան ու Էվան այնքան թիթիզ չեն, որքան Մանոն է նրանց այդպիսին դարձնում։ «Մեր մամայի երազանքն է թիթիզ աղջիկներ դարձնել նրանց։ Ես էլ այդ հարցերին չեմ միջամտում, վստահում եմ իրեն, ուրախանում եմ։ Համենայն դեպս, Մանոն ամեն ինչ ճիշտ է անում»,– եզրափակեց դերասանը։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts