Բարի լույս, ես իմ

Բարի լույս, ես իմ, թող լույսը լինի բարի քեզ համար…
Թափանցիկ լույսը իր նուրբ շղարշով շոյեց կոպերս ու դեռ թաց աչքերս…
Տարօրինակաբար հաշտ արթնացա ինձ հետ ու անսովոր հարազատություն եմ զգում թափանցիկ լույսի, իմ թարմ մտքերի ու ինքս ինձ հետ:
Ուզում եմ միացնել իմ սիրած երաժշտությունը, ասել չասված խոսքեր, նայել պատուհանից դուրս, բարևել բոլորին, զգալ տաք սուրճի`սենյակովս մեկ տարածվող բույրը…
Ուզում եմ ապրել այսօր, այս օրը զգալ բացառիկ ձևով…հասկանալ, որ չեմ ուշացել այսօրվանից, հետ չեմ մնացել… Կարճ ասած՝ այսօր ես մարդ արթնացա…
Իսկ թափանցիկ լույսը դեռ տարածվում էր իմ նեղ սենյակում` ակնհայտ դարձնելով մթում կորած գորշ տեսարաններ` ծխախոտի դատարկ տուփեր, պատռած նկարի մանր կտորներ, հատակին նետված բարձեր, անտեսված ածելի, որ հենց երեկ գիշեր մերժվեց ինձնից` իմ`այսօրը տեսնելու ցանկության «մեղքով»:
Իսկ թափանցիկ լույսը դեռ տարածվում է անշուք սենյակիս լայն պատուհանից ու շոյում դեռ թաց աչքերս, մատնացույց անում մթում թաքնված տխուր պատկերները ու մտերմաբար աչքով է անում: Ես ծիծաղում եմ ինքս ինձ վրա.
-Բարի լույս «ես իմ», իմ խելառ, իմ թանկ…
Երբ հարևանցի նայում եմ ինքս ինձ, անզուսպ ու անթաքույց ցանկություն եմ ունենում` ինձ սեղմեմ կրծքիս, գլուխս շոյեմ, ինքս ինձ հույս տամ, հաշտություն մաղթեմ աշխարհի, մարդկանց, գալիքի ու իմ մտքերի միջև…

— Բարի լույս «ես իմ», իմ մոռացված, իմ խեղճ ու խելոք…
Քեզ միայն ես եմ շատ լավ հասկանում, իմ ու քո համար աշխարհը նեղ է: Կապույտ կարոտդ ու ճերմակ հույսերդ, կշտամբված խոսքդ ու լույսդ, գալիքդ չեն տեղավորվում էս չափագրված ու անփոփոխ կյանքի մեջ…
Դժվար է ապրել մադկանց մեջ, որոնց դու նման չես,կամ քո տեսակը արդեն ապրել է, կամ նոր է գալու:
Պահպանիր քեզ, ես իմ, ես քեզ սիրում եմ, շատ-շատ եմ սիրում…
Բարի լույս, ես իմ, աշխատիր այսօր մոռանալ աշխարհիկ ամեն բան`որ դու լքված ես, որ գլխացավի դեղը վերջացավ, որ հեռախոսդ քանի շաբաթ է լուռ է…
Ձեռքերիդ ափերը միացրու իրար, պարզիր դեպի երկինք և հպարտությամբ ու պարզ ճակատով նայիր վերև, մեր Տեր Աստծուն նայիր խոնարհ ծառայի անմեղ աչքերով, աղոթիր հույսով, տրվիր հավատին քո ողջ էությամբ…վերաշխարհիկ պահը վայելիր, հերն էլ անիծած, որ վերև մեկնած ճերմակ ձեռքերիդ թափանցիկ երակներից տաք-տաք արյունը կհոսի ներքև, արյանդ հետ կծորան նաև ճերմակ հույսերդ, այսօրվա նման գալիք օրերի այգաբացի լույսերը, մոխրագույն կարոտներդ, սև քողով պատանած սերերդ ու ժանգոտած թախիծներդ…
Բարի լույս, ես իմ, տես լույսը արդեն տարածվել է քո ողջ սենյակով, գրկել է քեզ սիրով ու կանչում է ապրելու այսօրվա օրը… Ես իջեցնում եմ ցած վերև մեկնած արյունոտ ձեռքերս՝ թողելով օդում կախված հավատս ու բումերանգի պես դեպի ինձ դարձող աղոթքներս` մերժված վերևում:
Բարի լույս, ես իմ, թող ընկերաբար քեզ ամոթանք տամ, լույսը նոր է բացվել, իսկ սև մտքերդ քեզ կրծոտել են…Ապրիր այսօրը և շատ աղոթիր, որ մեղսազատման թեթևությունը քեզ երանելի նոր օրեր բերի… Միշտ հաստատ կանգնիր այս հողի վրա, դու պիտի լինես, որ այս աշխարհը ուղիղ ընթանա, արի, ականջիս շշնջա կամաց, թե ինչն է պակաս կյանքում քո համար, ինչը չի հերիքում քո լավ ապրելուն, կամաց շշնջա քո բոց մտքերը, որ չլսեն ու չզարմանան: Շշնջա կամաց ու վստահ եղիր, քո ժամանակը դեռ նոր է գալու, սրբիր աչքերդ ու ամբողջ հոգով տրվիր այս լույսին, որ թափանցիկ է ու ներս է մտնում քո գորշ սենյակի լայն պատուհանից:
Քո ու այսօրվա մեջ տարածությունը շատ մեծ է, դու հարմարվող չես, գիտեմ, բայց հանուն հաշտության քայլ արա դեպի այսօրը, համընթաց քայլիր այսօրվա հետ, որ կյանքդ լինի թեթև ու սիրուն… Մի լցրու սևով քո ամբողջ հոգին, միշտ անկյուն պահիր հեքիաթի համար, հանուն ինձ ու քեզ, իմ անհույս «ես իմ», մի քիչ հետ արի, միասին քայլենք, թե չէ քեզ այդպես դժվար կլինի…
Բարի լույս, ես իմ, այսօրը քոնն է, բայց վաղն առավել…
Թող լույսը լինի բարի քեզ համար, քեզ բարությունն է միայն պակասում…
Ստել չես կարող, ապրելու տենչով այրվում է հոգիդ…

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts