Էռնա Միր. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում»

Սոչիում կայացավ «Նոր ալիքի» մրցութային երրորդ համերգը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրին երգերի պրեմիերաներ։ Էռնա Միրն Արտյոմ Վալտերի և Սարինի հեղինակած թեթև և դրական երգով գրավեց ժյուրիին և կրկին բարձր գնահատականի արժանացավ։Երեկ հնչեցին ժյուրիի վերջին գնահատականները, արդյունքում առավելագույն գնահատականները ստացան 3 մասնակից` Հայաստանի ներկայացուցիչ Էռնա Միրը, Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն և Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոն` կիսելով հաղթանակը։

Արդյունքների ամփոփումից հետո զրույցում Էռնան ասաց, որ «Նոր ալիքն» իրեն տվել է պայքարելու ևս մի մեծ փորձ և լավ ընկերներ։

Ավելի վաղ երգչուհու պրոդյուսերը մեզ հայտնել էր, որ Էռնան որպես մրցակից դիտարկում է միայն Ղազախստանի ներկայացուցիչ Ռուստեմ Ժուգունուսովին, որը հայտնվեց չորրորդ տեղում, սակայն, ըստ արդյունքների, ստացվում է, որ իրենց  միակ մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոյի մասին խոսք էլ չկար, սակայն երրորդ օրվա արդյունքներով խումբը ևս հաղթող ճանաչվեց։

Հարցին` ինքը համաձա՞յն էր 3 հաղթողի հետ, հատկապես, որ տրիոյին որպես մրցակից չէր դիտարկում, Էռնան պատասխանեց. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում։ Մրցույթի ձևաչափն է այդպիսին` հավասար բալերի դեպքում հաղթանակը կիսվում  է»։Մրցութային երրորդ օրը Էռնան միայն մեկ 10 միավոր ստացավ։ «Ինձ 10 միավոր տվեց հույն պրոդյուսեր Դիմիտրիս Կոնտոպուլոսը։ Թե ինչու, ինքը կարող է պատասխանել»,– նշեց նա։

19-ամյա երգչուհին այս օրերի ընթացքում երկրպագուների մեծ բանակ հավաքեց Հայաստանում, ինչը ոգևորիչ է իր համար։ «Ես ճանաչված չեմ Հայաստանում, բայց իմ հայրենիքում բոլորը գիտեն ինձ` որպես հենց այդպիսի արտիստ ու երգչուհի` լավ, թե վատ, բայց սեփական ոճ ունեցող։ Ուրախ եմ, եթե Հայաստանում էլ սիրվեց իմ ոճը»,– ասաց նա։

«Նոր ալիքի» մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր։

 

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts