Սիրուշոն ցավալի գրառում է կատարել դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մասին

Կյանքից հեռացավ իմ ընտանիքին շատ հարազատ մի մարդ, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը:

Շնորհակալություն ստեղծագործական մեծ ժառանգության համար:

Փառք ու պատիվ մեր մեծերին։

ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Երևանի Դրամատիկականի շուրջ կեսդարյա խաղացանկում, որն ընդգրկում է հարյուրից ավելի բեմա­դրություններ հայ և արտասահմանյան դրամատուրգիայից, Պերճ Զեյթունցյանն ունի ծանրակշիռ դերակատարու­թյուն: 1974 թվականից ի վեր, երբ նա «Ամենատխուր մարդը» պիեսով մուտք գործեց մեր թատրոն, չի եղել ոչ մի խաղաշրջան առանց նրա մասնակցու­թյան, որոշ տարիների էլ միաժամանակ խաղարկվել են գրողի մեկից ավելի դրամաները: Այսքան շարժուն բեմական ներկայությունը մեզանում բացառիկ երևութ է: Սիրելի Պերճն ուրիշ թատրոններում էլ է «խաղացել», սակայն կարծում ենք, նա մեզ հետ կհամաձայնի, եթե ասենք` նրա համար Դրամատիկականն է «մայր ու գլխավոր» թատրոն:
«Ամենատխուր մարդուն», որը տխուր էր իբրև հերոս և ուրախալի իր գրական-բեմական կերտվածքով, հետևեցին «Աստվածների կանչը», «Մեծ լռություն», «Կանգ առ, երկրագունդ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» դրամաների բեմադրությունները` երևելի ռեժիսորների ու դերասանների մասնակցությամբ: Զեյթունցյանի դրամատիկական երկերին բնորոշ են դասական հայեցակարգը, հետադարձ կողմնորոշումն անցյալի պատմական երևույթներին, գաղափարայնությունը` հրապարակախոսական շեշտադրումներով, մտավոր-մտածական խոսքը, որոնցում նա գրական սահմանադրություն չի խախտում, հավատարիմ է դրան, և սա նրա սահմանադրությունն է, որը բեմական մարմնավորում ստանալով` լայն հանդիսատեսի համար դառնում է սիրելի ու հարազատ: Դժվար է պատկերացնել վերջին տասնամյակների հայոց դրամատուրգիական գրականությունն ու թատրոնն առանց նրա ստեղծագործության, որը երկու ասպարեզներին էլ թելադրում է մի որոշակի արժեքայնու­թյան չափանիշներ:
Մեր տաղանդավոր բարեկամ Պերճ Զեյթունցյան, ներկայումս Դրամատիկականում իրականացվում են Ձեր «Փարիզյան դատավարություն» պիեսի նախափորձերը: Այդ բեմադրությունը որոշ ուշացումով կարձագանքի Ձեր վաստակավոր հոբելյանին: Ձեզ մաղթում ենք ստեղծագործական նոր հաջողություններ և մեր փոխըմբռնման երկար շարունակելիություն:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts