Վանաձորցի 6-ամյա Էմանուելան սրտատրոփ սպասում է սեպտեմբերի 1-ին, իսկ ընտանիքը նրան դպրոց ուղարկելու փող չունի

6 տարեկան Էմանուելան իր մայրիկի հետ միասին ապրում է Վանաձոր քաղաքում. նա այս տարի առաջին դասարան է գնում, սակայն նրա մայրիկն իր առողջական խնդիրների պատճառով չի կարողանա աղջկան հավուր պատշաճի ուղարկել առաջին դասարան: Զրույցում Էմանուելայի մայրիկը, ով չցանկացավ անունը հայտնել, պատմեց, որ իր առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռ 21 տարեկանում, երբ վրաերթի է ենթարկվել եւ դարձել երկրորդ կարգի հաշմանդամ. «Քրոջս ու 6 տարեկան աղջկաս հետ մեր հայրական տանն ենք ապրում, ծնողներս մահացել են, մասնագիտությամբ վարսահարդար եմ եղել ու մինչեւ ավտովթարի ենթարկվելը աշխատել եմ: Վրաերթի պատճառով մի շարք խնդիրներ են առաջացել, ամբողջությամբ անշարժացել է ձախ ձեռքս, վնասվել է ծնոտս, գլուխս, աչքս, ճկույթս հեռացրել են»,-պատմեց երեխայի մայրը:

Երիտասարդ կնոջ պատմելով՝ բժիշկներն ասել են, որ ձեռքը երբեք չի կարողանա շարժել, որովհետեւ ողնաշարից մկանը, նյարդային թելը կտրված է, բայց Էմունուելայի մայրիկը կարծում է, որ եթե լավ բուժում լինի, կկարողանա ձեռքը շարժել. «Առաջ ընդհանրապես ձեռքս չէի զգում, անգամ խոհանոցում աշխատելիս վառել եմ, բայց չեմ զգացել, իսկ վերջերս ձեռքի ցավ զգում եմ, անտանելի ցավերից տեղս չեմ գտնում, նույնիսկ եղունգներս են աճում: Դա նշանակում է, որ նյարդս արդեն գործում է:

Հիմա բազմաթիվ խնդիրներ ունեմ, ինչի պատճառով չեմ կարողանում աշխատել եւ երեխայիս պահել: Հետազոտությունների եմ ենթարկվել, պարզվել է, որ ողնաշարիս վրա կիստաներ են առաջացել: Ամենամեծ խնդիրը համարում եմ աչքս: Ձախ աչքիս վրա կար կա, կոպս չի բացվում: Երեւանի Մալայան ակնաբուժական կլինիկայում ասել են, որ կարող են վիրահատել եւ կոպս բացել, ու վերականգնել տեսողությունս, բայց ոչ պետպատվերով: Միայն վիրահատությունը 154 000 դրամ արժե, պալատի գումարը՝ 11000 եւ սիլիկոնե լարը, որ պիտի տեղադրվի, 63 000 դրամ»,-պատմեց կինը:

Ի դեպ, Էմանուելայի ընտանիքը ստանում է 19 000 դրամ թոշակ եւ 23 500 դրամ նպաստ, որով չեն կարող լուծել մայրիկի առողջական խնդիրները եւ 6 տարեկան երեխային պատշաճ ճանապարհել առաջին դասարան: Երիտասարդ կինը միայնակ է եւ ասում է, որ եթե վերականգնվի առողջությունը, ինքը կաշխատի ու կկարողանա երեխայի ծախսերը հոգալ: Երեխային դպրոց ուղարկելու համար բարի մարդիկ պայուսակ, կիսաշրջազգեստ ու վերնաշապիկ տվել են, բայց մյուս անհրաժեշտ պարագաներն ընտանիքը չունի:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098702509 հեռախոսահամարով:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts