«Նոր ալիք 2017»-ում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը:

«Նոր ալիք 2017»-ում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը։ Երգչուհիները նախապատրաստվում են սեպտեմբերի 8-ից 15-ը Սոչիում կայանալիք երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին։ 24-ամյա Սյուզաննան ասուլիսի ընթացքում պատմեց իր տրամադրվածության, շանսերի ու մրցութային երգերի ընտրության մասին. արդեն հայտնի է, թե որ երգերով է նա ներկայանալու:

Սյուզաննան առաջին օրը որպես համաշխարհային հիթ կկատարի Destiny’s Child-ի «Stand up for Love» երգը, երկրորդ օրը` Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ապրելու ապրիլ», իսկ 3-րդ օրը` Շուշան Սարգսյանի հեղինակած «Навсегда» նոր երգը.«Երբ Շուշանն առաջարկեց կատարել այդ երգը, պետք է խոստովանեմ, որ երաժշտական ու մասնագիտական շոկ ապրեցի, որովհետեւ ձեւաչափն ու պահանջներն այլ էին: Չէի գիտակցում, որ ռուսական շուկայի համար այդպիսի երգն ավելի նպատակահարմար է։ Շատ դժվար եմ սովորել ու համակերպվել, որովհետեւ ժանրն ինձ համար նոր էր։ Եթե երկու տարի առաջ նման երգ առաջարկեին, կհրաժարվեի, որովհետեւ այն կատարելու համար պետք է ճիշտ զգացողություն ունենաս: Հիմա այդ երգի առումով հանգիստ եմ»:

Նրա երաժշտական պրոդյուսերն ուկրաինաբնակ երաժիշտ Շուշան Սարգսյանն է, որի հետ պատրաստել են երգացանկը, իսկ վերջնական որոշումը կայացրել են «Նոր ալիք»-ի կազմակերպիչները.«Շատ կարեւոր են ընտրված երգերն ու գործիքավորումները: Մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինայի հետ երկար զրույցների ընթացքում եկանք այն եզրակացության, որ Սյուզաննան իր հզոր ձայնով կկարողանա բալադներ կատարել: Համախմբել ենք մի քանի մասնագետների, որ լավագույն տարբերակն ունենանք: Վստահ եմ՝ փայլուն կներկայանա: Եթե արդար լինի, պիտի հաղթենք: Որպես երաժշտական մասնագետ՝ նշեմ, որ այնտեղ ուժեղ մրցակիցները քիչ են: Սյուզաննան հաղթական ոգի ունի, վստահ եմ՝ բարձր հորիզոնական կգրավի, այս պահին նա ֆավորիտներից մեկն է», — շեշտեց Շուշանը:

Սյուզաննան բարձրաձայնեց, որ մասնակցելու համար ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն այժմ իր կողքին ֆինանսավորող գործընկերներ ունի.«Մերժումներ ստացա, սթրեսային իրավիճակում էի, շատ սուղ պայմաններում եմ ձայնագրվել: Կարեւորը՝ հիմա հանգիստ եմ, վստահելի աջակիցներ ունեմ, որոնք ինձ հավատում են ու հոգեպես քաջալերում: Ես մարդկանց հավատն ինձ հետ տանում եմ ու կփորձեմ Հայաստանի պատիվը բարձր պահել»:
Երգչուհին Սոչի կմեկնի օգոստոսի 28-ին՝ մասնակցելու փորձերին.«Մրցույթն ուղիղ եթեր է հեռարձակվելու, սակայն հայկական ալիքներով դիտելու հնարավորություն դեռեւս չկա: Կարող եք հետեւել համացանցով եւ ռուսական ալիքներով: Ի դեպ, այս տարի մրցույթի ձեւաչափը փոխվել է. եթե նախորդ տարիներին մասնակիցները նաեւ զուգերգով էին ներկայանում, ապա այս տարի այդպիսիք չեն լինի»։

Նրա ոճով եւ հագուստով զբաղվում է մրցույթի ռուս դիզայներներից մեկը.«Ռեժիսորի հետ հանդիպում են ունեցել ու ընտրել, թե ով ում հետ կաշխատի: Երբ Հարությունն ու Շուշանը Երեւանում լուծում էին ֆինանսական ու երաժշտական հարցերը, Մոսկվայում իմ դիզայների հետ մշակում էինք զգեստները: Նա պետք է հայկական երգին համահունչ զգեստ պատրաստի»:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts