Ինչպես է անցել Արևիկ Ուդումյանի որդու 1–ամյակը

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ու ամուսինը` Արամը, օրեր առաջ նշել են իրենց որդու 1–ամյակը։ Արևիկը պատմել է, որ նախընտրել է մանկական խնջույք չկազմակերպել, քանի որ որդին դեռ փոքրիկ է և լավ չի հասկանում, որ դա իր տոնն է։

«Հասկացա, որ բալիկս դեռ չի վայելելու իր տոնը, քանի որ փոքր է։ Հիմա տոնն ավելի շատ իմն ու Արամինն է։ Մենք իրենից շատ էինք ուրախացել։ Այդ իսկ պատճառով ոչ այնքան մանկական փոքր միջոցառում կազմակերպեցինք»,– ասաց Արևիկը։ Միջոցառումը փոքրիկ է եղել, սակայն հաղորդավարուհին մանրակրկիտ աշխատել է դետալների վրա։

Փոքրիկ Ռուբենը վերաիմաստավորել է ծնողների կյանքը։ «Ամենաթանկ ու պատասխանատու զգացմունքների մասին կարելի է խոսել անվերջ, կարելի է նաև ոչինչ չասել. դրանք, գրեթե, հավասար են։ Ռուբենի ծննդից հետո երջանկության մասին պատկերացումս է փոխվել։ Երբ տանը տեսնում ես փոքրիկի կոշիկներ կամ խաղալիք, թվում է՝ դրանից ավելի երջանիկ պատկեր աշխարհում չկա։ Երջանկության նման առիթներ կարելի է անընդհատ գտնել, երբ ապրում ու աշխարհը բացահայտում ես քո  ստեղծած մարդու հետ,– ասաց մայրիկը, որն անհամբերությամբ սպասում է որդու`«ինչուիկի» տարիքին։ –Քանի որ ոչ ես, ոչ էլ ամուսինս խոսելու հետ խնդիր չունենք, շատ ենք սիրում բացատրել, կարծում եմ` այդ տարիքում լիարժեք կկատարենք մեր ծնողական պարտականությունը»։

Ի դեպ, հաղորդավարուհու ամուսինը փոքրիկի ծննդյան օրը զգացմունքային գրառում էր արել, որում ոչ միայն խրատներ էր տվել տղային, այլև անդրադարձել իրենց ամենակարող մայրիկին` նշելով, որ ինքն ու որդին, իսկապես, բախտավոր են` տղան ունի չափազանց բարի, ջերմ, ուշադիր, կյանքով լի մայր, իսկ ինքը` իր համար իդեալական կին։ Արևիկն այս գրառման բովանդակության մասին տեղյակ չի եղել։

«Արամն ասել էր, որ ուզում է ինչ–որ բան գրել Ռուբենի մասին։ Հասկացա, որ իրեն դուր է եկել գաղափարը, որ Ֆեյսբուքը տարիներ հետո կարող է հիշեցնել դա Ռուբենին։ Սակայն ինչ բնույթի կլիներ այն կամ, որ ես էլ տեղ կունենայի գրառման մեջ, չգիտեի։ Ռուբենի ծննդյան օրը բավականին բուռն անցավ։ Արամն օրվա ավարտին էր արել գրառումը, երբ ես քնած էի։ Գրառումը տեսա ավելի ուշ։ Անակնկալի եկա։ Ինձ անչափ երջանիկ զգացի։ Եվս մեկ անգամ զգացի, որ գնահատված ու սիրված եմ»,– հպարտությամբ ու սիրով լի ասաց Արևիկը։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts